Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Փող ունեն՝ ծախսում են

Փող ունեն՝ ծախսում են
25.02.2014 | 11:48

Խոսքս օրերս կայացած «Օսասունա»-Մադրիդի «Աթլետիկո» դիմակայության շուրջ ծավալված զարգացումների մասին է: Իհարկե, խոշոր հաշվով կարելի էր և չանդրադառնալ եղածին, բայց որքա՞ն կարելի է հանդուրժել մարտնչող տգիտությունը, ամենապարզ տհասությունը, երկակի ստանդարտներով առաջնորդվելը, կեղծ հայրենասիրական նոտաների վրա խաղալը:
«Օսասունայի» հետ խաղին մադրիդցիները որոշել էին ներկայանալ սև թևկապերով, ցավի լռության մեկ րոպեով: Սգալու էին, այսպես կոչված, Խոջալուի ջարդերը: Թե մարզադաշտում հավաքվածներից կամ դաշտ ելածներից քանիսի համար էր փաստը փաստ, կամ ցավը` ցավ, եկեք թողնենք մի կողմ: Այս «աղաղակող» փաստին հայկական հեռուստաընկերություններից մեկի արձագանքը եղավ այն, որ որոշեց չհեռարձակել «Աթլետիկոյի» մասնակցությամբ խաղերը: Հայրենասիրական արա՞րք է: Գուցե: Ընկալման խնդիր է, բայց եղածը, թերևս, շատ ավելի հասկանալի կլիներ, եթե հեռուստաընկերությունն իր «հայրենասիրական» պոռթկումի մեջ մադրիդյան թիմի «քաղաքական կարճատեսությունը» նկատած լիներ շատ ավելի վաղ, սկսած այն պահից, երբ ակումբը սկսեց հանդես գալ մարզաշապիկներին «Ադրբեջան` կրակների երկիր» գովազդ-գրությամբ: Իսկ սա ո՛չ առաջին տարին է, ո՛չ երկրորդ: Կներեք, սակայն սա ինձ հիշեցնում է այն անեկդոտը, երբ մեկը ինքն իրեն կորցրած փորձում է անցնել սահմանը: Հարցին` ինչո՞ւ, պատասխանում է` երեկ իմացել եմ, որ թուրքերը 15 թվին միլիոնուկես հայ են կոտորել, գնում եմ վրեժս լուծեմ:
Ընդունենք, թե չընդունենք, ուզենք, թե չուզենք, սպորտը գաղափարախոսություն է, գաղափարախոսությունը` քաղաքականություն, քաղաքականությունն իր խաղի կանոններն ունի, ու եթե դրա համար պահանջվում է փող ծախսել, այդ փողը պարտադրաբար ծախսվում է ու պիտի ծախսվի: Հիմա թե որքա՞ն է հեռատես Ադրբեջանի կառավարությունը, ստանձնելով եվրոպական բարձր չափանիշներ ունեցող այս ակումբի հովանավորությունը, չեմ կարծում, թե մեր խնդիրն է. փող ունեն` ծախսում են: Որտեղ ու որքան ուզում են, այնտեղ էլ այդ չափով ծախսում են: Կարևորն այդ փողի ապահոված արդյունավետությունն է: Մեր խնդիրը դատարկ-մատարկ բոյկոտումը չպիտի լինի, հատվածական հայրենասիրությունը չպիտի լինի, եթե դա իրոք որպես հայրենասիրություն է ընկալվում: Իսկ եթե հեռուստաընկերությունում հայրենասիրության մասին պատկերացումն այս մակարդակի վրա է, մնում է միայն ցավել նրա համար:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հ. Գ.- Ի վերջո, ակումբում յոլա են գնացել առանց լռության րոպեի, առանց թևկապերի, իսկ մեզ բաժին հասավ միայն զավեշտալի վիճակը:


Դիտվել է՝ 896

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ